Լֆիկ Սամոն թունավորում է հազարավոր գյուղացինե...

Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչները մի քանի տարի է չեն կարողանում ստիպել գործարար Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամո, որպեսզի գյուղին հարակից խոզաբուծարանի կեղտը չլցնի գյուղով անցնող ջրատար։ Գյուղացիները մի քանի օր առաջ ճանապարհ էին փակել և պահանջում էին, որպեսզի իշխանությունները լուծում տան խնդրին․ «Մի քանի տարի է գյուղում ապրել չի լինում, քանի որ մեր ոռոգման ջուրը այդ ջրատարից է գալիս։ Խոզի թրիքի հոտը մեզ խեղդում է ու ամռան շոգին անգամ լուսամուտ չենք կարողանում բացել»,-politik.am-ի հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։

Գյուղացիները նաև նկատում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ալեքսանյանի դեմն առնող ընդհնարապես չկա․ «Ամեն անգամ մի քանի հարյուր հազար դրամ տուգանք է մուծում ու նորից իր սև գործը շարունակում է։ Մի քանի գյուղացիներ գնացել էին իր ֆերմա, որտեղ աշխատակիցներն ասել էին, թե Լֆիկն ասել է ինչքան ուզում են թող բողոքեն՝ ես տուգանքը կմուծեմ։ 10 հազարից ավել խոզ ունի ու էդ ամբողջ գոմերը ամեն շաբաթ քիմիական նյութերով լվանում ու լցնում են այս կանալը։ Մենք այլ տարբերակ չունենք այգիներ ջրելու ու էդ ամբողջ քիմիան մեր ծառերի ու բերքի հերն անիծում է»,-ասաց մեր զրուցակիցը։

Օրերս, երբ գյուղացիները ճանապարհ էին փակել՝ նրանցից մեկը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ասել էր․ « Ս. Ալեքասանյանը խոզաբուծարան է բացել, լավ է արել, բայց ո՞ւմ հաշվին, հազարավոր քաղաքացիների, ավելի քան 10 գյուղերի բնակիչների առողջության հաշվի՞ն: Կառավարությունն ասում է, թե պետք է զարկ տանք գյուղատնտեսությանը, որպեսզի գյուղացին քաղաք որակյալ գյուղմթերքներ բերի: Բա տունը շինվածներ, մի օր բարեհաճեք այստեղ, տեսեք, ինչ կեղտ է կուտակված ջրանցքում, նոր երևի կհասկանաք մեր բողոքի արդարացի լինելը:   Բավական է, մեր համբերության բաժակը լցվել է: Ի՞նչ է, ձեր սրտի օլիգարխը պիտի անպայման մի քանի գյուղեր դատարկի, որ նոր հասկանաք, թե ինչպիսի վտանգ է թաքնված այդ ամենի տակ:   Ճիշտն ասած, մի քիչ էլ զարմացած ենք բնապահպանական կազմակերպությունների վրա, ովքեր երբևէ չարձագանքեցին մեր խնդրանքներին, այն դեպքում, երբ շատ բնապահպանների ներկայացրել ենք իրավիճակը»: