Լեզվակռիվ Ալեն Սիմոնյանի եւ Գեղամ Մանուկյանի...

Ես որքանով գիտեմ, դուք ծանոթացել եք զեկույցի հետ, բայց քանի որ զեկույցը պարունակում է գաղտնի տեղեկություններ, դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանափակ է: Ես կոչ եմ անում 44-օրյա պատերազմի ու զեկույցի մասին շատ խոսող ընդդիմադիր պատգամավորներին, գոնե ծանոթացեք այդ զեկույցին: Դուք գալիս եք այստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու, կարծում եմ՝ տրամաբանական չէ: Այս մասին ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Գեղամ Մանուկյանին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի կողմից զեկույցի չհրապարակման մասին հարցին:

«Այս թեմայի շուրջ շահարկումները համարում եմ անտեղի, այն փաստը, որ ԱԺ 107 պատգամավորները պետք է ծանոթանան զեկույցին, իրողություն է: Կես տարի անցել է, ոչ ոք առիթը բաց չի թողում սրա մասին խոսելու: Վերջացրեք սրա շուրջ շահարկումներ անելը»,- նշել է նա:

Անդրադառնալով մասնակցությանը՝ Սիմոնյանը շեշտեց, որ կարող է հրապարակել ընդդիմադիր խմբակցությունների բացակաների քանակը.

«Հեսա կհրապարակեմ ինչքան եք եկել գործի, վերջին 5 տարին վատ աշակերտի պես չեք գալիս, էլ չեմ ասում, որ հանձնաժողովի նիստերին ընդհանրապես չեք մասնակցում: Վերջին անգամ խորհրդի նիստին Սեյրան Օհանյանն է եկել՝ չեմ հիշում, թե երբ: Խնդիր չկա, կխնդրեմ քարտուղարությանը՝ կկազմակերպեն ձեր բացակաները, անուն առ անուն կհրապարակեմ»: