ՀԱԿ վերջին համագումարում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մեկ նախադասությամբ ունի հետեւյալ գնահատական ձեւակերպումը․ «Առաջին նախագահը յոթ երգ գիտի, յոթն էլ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի»։
Իրականում, Հայաստանի վիճակն այնպիսին չէ, որպեսզի Հանրապետության առաջին նախագահը, ում անվանում են նաեւ հիմնադիր նախագահ, իրեն թույլ տար թողնել հետպատերազմական բազմաբարդ եւ բազմաշերտ ճգնաժամային իրավիճակը, որը գործող նախագահ Արմեն Սարգսյանը որակել է «ինքնության ճգնաժամ» եւ խոսել երկրորդ նախագահի մասին։
Ելույթը հակաքոչարյանական հունի մեջ էր։ Տպավորություն է, որ առաջին նախագահը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի դեմ է պայքարելու առաջիկա ընտրություններում, որքան Ռոբերտ Քոչարյանի։ Սա անհասկանալի է։
Տեր-Պետրոսյանի այս ելույթը ակնհայտ դարձրեց, որ նա անկեղծ չէր, երբ հայտարարում էր, թե առաջարկել է երեք նախագահների նախընտրական դաշինք կազմել ու միասնաբար ազատվել Փաշինյանից։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, պարզ ասած, պետք է խոստովաներ, որ իր համար ոչ այնքան կարեւոր է, որ Փաշինյանը չվերարտադրվի, որի համար առաջարկել է ազգային համաձայնության դաշինքի իր տարբերակը, որքան որ հանկարծ Քոչարյանը նորից չգա իշխանության։ Այսինքն՝ նույնիսկ հետպատերազմական «ինքնության ճգնաժամը» առաջին նախագահի համար այլ բանի համար չեն ծառայեցվում, քան Քոչարյանի դեմ պայքարելու։ Մնացածն, արդեն, երկրորդական ծխածածկույթ է առաջին նախագահի ելույթում։