
Լեհաստանն սկսել է հսկողություն իրականացնել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին: Այս մասին հաղորդում է լեհական TVP Info հեռուստաալիքը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ կեսգիշերին Լեհաստան մուտքի ընտրանքային հսկողություն է սահմանվել 65 կետերում՝ 52-ը՝ Գերմանիայի հետ սահմանին և 13-ը՝ լեհ-լիտվական սահմանին: Հանրապետության Ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակի խոսքով՝ գործողությանը ներգրավված է սահմանապահ ծառայության 800 աշխատակից, որոնց կաջակցեն 300 ոստիկան, ռազմական ժանդարմերիայի 200 զինծառայող և Տարածքային պաշտպանության զորքերի 500 զինվոր: Այդ միջոցների նպատակը, ինչպես նշել է նախարարը, անօրինական միգրացիայի դեմ պայքարն է:
Արդեն կատարվել են մի քանի ձերբակալություններ։ Ըստ հրապարակման՝ կեսգիշերից առաջ Էստոնիայի մի քաղաքացի տեղափոխում էր Աֆղանստանի 4 քաղաքացու, որոնց թույլատրված չէր օրինական կերպով մուտք գործել Լեհաստան։
Լրատվամիջոցը նշում է, որ ժամանակավոր ստուգումները կտևեն մինչև օգոստոսի 5-ը։
Հուլիսի 1-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին 30 օր ժամկետով ժամանակավոր հսկողություն սահմանելու որոշման մասին՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ: Բացի անօրինական միգրացիայի դեմ պայքարից, Վարշավան այդ կերպ պատասխանել է Գերմանիայի կողմից համանման հսկողությանը, որը սահմանվել է 2024 թվականի աշնանը: