Լեհաստանը պատրաստվում է ականապատել իր արևելյա...

Լեհաստանը պատրաստվում է ականապատել իր արևելյան սահմանը, հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Լեհաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին իրականացնում է «Արևելյան վահան» ծրագիրը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գրասենյակի հայտարարության համաձայն` կառավարությունը մտադիր է համալիր պաշտպանական ենթակառուցվածք ստեղծել ՆԱՏՕ-ի արևելյան թևում՝ «Բելառուսի և Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքներին հակազդելու համար»։

«Լեհաստանը կպատրաստի սահմանի ականապատման վայրեր, սակայն բուն ականապատումը կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ որևէ ճգնաժամ առաջանա, ուստի խոսելով շիտակ՝ «Արևելյան վահան» ծրագիրը մի կողմից ինժեներական արգելափակոցների կառուցում է, մյուս կողմից՝ ականապատման վայրերի պատրաստում, բայց բուն ականապատումը տեղի կունենա միայն պատերազմի իրական սպառնալիքի դեպքում», - Տոմչիկն ասել է RadioZet ռադիոկայանի եթերում։

2025 թ. հունիսին Լեհաստանը հայտարարել է Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու գործընթաց սկսելու մասին։ Միջազգային համաձայնագիրն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, կուտակումը, արտադրությունն ու փոխանցումը և պահանջում է դրանց ոչնչացում։ Այն ստորագրվել է 1997 թ. դեկտեմբերի 3-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում և ուժի մեջ է մտել 1999 թ. մարտի 1-ին։ Կոնվենցիային միացել է 163 երկիր։

2025 թ. դեկտեմբերին երկրի իշխանությունները հայտարարեցին սառը պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ ականների արտադրության վերսկսման մասին։ Ականները կդառնան «Արևելյան վահան» պաշտպանական ծրագրի մաս, որն իրականացվում է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին։