Վարշավան հավակնում է Դանիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կապող օղակի դեր կատարել Գրենլանդիայի հարցով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:
«Լեհաստանը հանդես կգա կապող օղակի դերում ԵՄ-ի, Դանիայի և ԱՄՆ-ի միջև: Մենք կողմերին կհամոզենք համագործակցել։ Ես կցանկանայի, որ ԱՄՆ-ն այնտեղ (խմբ.՝ Գրենլանդիայում) ունենար արժանի տեղ գործողություններ իրականացնելու համար, որպեսզի նրա անվտանգությունը ոչ մի կերպ չսահմանափակվեր», - ասել է նախարարը TVN24 հեռուստաալիքի եթերում:
Հունվարի 13-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ հանդես է գալիս Դանիայի և ԱՄՆ-ի միջև Գրենլանդիայի հարցի դիվանագիտական լուծման օգտին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռ իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն է հայտնել, որ այն կարելի է անեքսիայի ենթարկել։
Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենն, ի լրումն ՆԱՏՕ-ի գծով դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության մասին պայմանագիր։ Համաձայն դրա՝ Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից:



