Լեհաստանում բնակչությանը փոստով անվտանգության...

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը երկրի քաղաքացիներին փոստով ուղարկել է «Անվտանգության ուղեցույց» բրոշյուրի 4 միլիոն օրինակ՝ պատերազմի մեկնարկի կամ ճգնաժամային իրավիճակների դեպքում գործողությունների հրահանգներով։ Այս մասին Polsat հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։

«Ձեր փոստարկղերում արդեն հայտնվել են «Անվտանգության ուղեցույցի» չորս միլիոն օրինակները, որոնք հրատարակվել են ազգային պաշտպանության նախարարի և ներքին գործերի նախարարի կողմից»,- ասել է Տոմչիկը։ «Խնդրում եմ ստուգել ձեր փոստարկղերը և ծանոթանալ այս կարևորագույն տեղեկատվությանը»,- հավելել է նա։

Տոմչիկի խոսքով՝ ընդհանուր առմամբ նախատեսվում է տպագրել այդպիսի 13 միլիոն բրոշյուր, որպեսզի դրանք հասնեն լեհական յուրաքանչյուր տնային տնտեսության։ Բրոշյուրի տեքստին կարելի է ծանոթանալ նաև համացանցում։

Ուղեցույցը պարունակում է հրահանգներ այն մասին, թե ինչպես ստեղծել սննդամթերքի պաշարներ, ներկայացված են տարհանման երթուղիների սխեմաներ, մոտակա ապաստարանների քարտեզներ և տագնապի ազդանշանների աղյուսակներ։ Ի թիվս այլնի, բրոշյուրներում տրված են խորհուրդներ կիբերհարձակումների, տարերային աղետների և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վնասման դեպքում դրսևորվելիք վարքագծի վերաբերյալ։