
Անլեգալ միգրանտների խումբը, փորձելով հատել Լեհաստանի արեւելյան սահմանը, ինքնաշեն նիզակներով եւ քարերով հարձակվել է սահմանապահների վրա, ի պատասխան՝ արցունքաբեր գազ է օգտագործվել։ Միջադեպի մասին հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։ Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ միգրանտները փորձել են անլար սղոցով սղոցել Բելառուսի հետ սահմանին լեհական իշխանությունների կողմից կառուցված պատի մետաղական հատվածները: Տեսախցիկները ֆիքսել են միջադեպը, դեպքի վայր է ուղարկվել սահմանապահ ծառայությունը, որն էլ ենթարկվել է հարձակման։ Սահմանապահներից ոչ ոք չի տուժել։ Ընդամենը մեկ օրվա ընթացքում սահմանն ապօրինի հատելու ավելի քան 70 փորձ է արվել, հայտնել է սահմանապահ ծառայությունը։ Չորեքշաբթի Լեհաստանի ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակը հայտնել է, որ եղանակի բարելավումը եւ գետերում ու ճահիճներում ջրի մակարդակի անկումը նպաստում են անօրինական միգրանտների ավելացմանը։ «Միտումը մտահոգիչ է։ Մենք գործ ունենք [միգրանտների ակտիվության] ավելացման հետ»,- ասել է նա։