Ոչ մի ապացույց չկա, որ հրթիռը, որը նախօրեին ընկել էր Պշևոդուվ գյուղում և սպանել երկու մարդու, արձակվել է Լեհաստանի ուղղությամբ, և, հետևաբար, այն չի կարելի համարել հարձակում Լեհաստանի վրա, հայտարարել է երկրի նախագահ Անջեյ Դուդան:
Նա հստակեցրել է, որ «ամենայն հավանականությամբ» հրթիռն արձակվել է ուկրաինական ՀՕՊ համակարգի կողմից։
Հիշեցնենք՝ Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության վրա գտնվող Պշևոդուվ գյուղում հրթիռ է ընկել, 2 մարդ մահացել է:
Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախնական տվյալները վկայում են այն մասին, որ հրթիռի հետագծից ելնելով՝ «քիչ հավանական է», որ հրթիռն արձակվել է Ռուսաստանի տարածքից: Միևնույն ժամանակ Բայդենը շեշտել է, որ առայժմ հնարավոր չէ եզրակացություններ անել, մինչև հետաքննությունը չավարտվի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանն, իր կարծիքով, առնչություն չունի Լեհաստանում ընկած հրթիռի հետ, և կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն իրականացնել:
Մոսկվան հերքել է իր առնչությունը միջադեպին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ լեհական ԶԼՄ-ների հայտարարությունները «Պշևոդուվ բնակավայրում իբրև թե ռուսական հրթիռների ընկնելու մասին դիտավորյալ սադրանք են՝ ուղղված իրավիճակը սրելուն»: ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ Ուկրաինա-Լեհաստան պետական սահմանի մոտ ռուսական միջոցները որևէ թիրախի չեն հարվածել:



