Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել իր զինանոցում մնացած ՄիԳ-29 խորհրդային կործանիչները։ Այս մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի նախագահ Կարոլ Նավրոցկիի հայտարարությունը։
«ՄիԳ-երի նախատեսվող փոխանակումը հակադրոնային համակարգերի հետ չի հակասում մեր քաղաքականությանը, ուստի համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո, կարծում եմ, հարցը պարզապես կլուծվի»,- նշել է Նավրոցկին՝ հավելելով, որ նման որոշումը իր լիազորությունների շրջանակներում չէ, բայց ինքը կողմ է ինքնաթիռի փոխանցմանը։
Լեհաստանի ռազմաօդային ուժերից շահագործումից հանվող այդ կործանիչները Ուկրաինային փոխանցելու ծրագրերի մասին ավելի վաղ հայտարարել էր երկրի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Նա պարզաբանել էր, որ լեհական կողմը պատրաստ է դրանք փոխանակել, եթե Ուկրաինան իր հերթին Լեհաստանին տրամադրի անօդաչու սարքերի տեխնոլոգիաներ։ Նախագահ Նավրոցկին այդ հայտարարությունից հետո ասել էր, որ իրեն չեն տեղեկացրել նման գործարքի մասին։
Լեհաստանի ռազմաօդային ուժերը ներկայում ունեն ՄիԳ-29 տեսակի 14 կործանիչ։



