Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին աղետ է անվանել ազատ առևտրի մասին պայմանագրի հնարավոր ստորագրումը Եվրամիության և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) երկրների միջև։ Այս մասին նա գրել է X-ում՝ դիմելով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին։
«MERCOSUR-ի երկրների հետ պայմանագրին հավանություն տալն աղետ է։ Պարոն վարչապետ, անհրաժեշտ է ոչ թե շատախոսել, այլ ստեղծել արգելափակող փոքրամասնություն», - գրել է Լեհաստանի նախագահը։
Նավրոցկու խոսքով՝ «հազարավոր մթերքներ (MERCOSUR-ի երկրներից) կարող են հեղեղել Լեհաստանը՝ ոչնչացնելով լեհական գյուղատնտեսությունը և այլ ճյուղեր»։
Հա հավելել է, որ պարենային անվտանգությունը սննդամթերքի արտադրությունն է «սպառողին մոտ, այլ ոչ թե պարենի ներմուծումը 10 000 կիլոմետր հեռավորությունից»։
2024 թվականի դեկտեմբերի 6-ին ԵՄ-ն և MERCOSUR-ն արդեն կնքել են առևտրային համաձայնագիր՝ չնայած եվրոպացի ֆերմերների բողոքներին։ Որպեսզի փաստաթուղթն ուժի մեջ մտնի, դրան պետք է հավանություն տան միավորման բոլոր պետությունները: Համաձայնագրի արգելափակման համար անհրաժեշտ է չորս երկրների մերժումը, որոնք կներկայացնեն ԵՄ բնակչության առնվազն 35%-ը: Համաձայնագրի դեմ են հանդես գալիս Եվրամիության գյուղատնտեսական լոբբին, Ֆրանսիայի, Լեհաստանի և մի շարք այլ երկրների կառավարությունները։
MERCOSUR-ը խոշորագույն առևտրատնտեսական միավորում է Հարավային Ամերիկայում, որի հիմնադիրներն են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը: Նրանց ընդհանուր տարածքը կազմում է Հարավային Ամերիկայի տարածության ավելի քան 70%-ը՝ 295 միլիոն բնակչությամբ։
Դեկտեմբերի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է MERCOSUR-ի երկրների հետ ԵՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին: Ստորագրումը կարող է տեղի ունենալ 2026 թվականի հունվարին:



