Լեհաստան է հասել ԱՄՆ-ի բանակից վարձակալված Apache ուղղաթիռների նոր խմբաքանակը: Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Եվս երկու Apache ուղղաթիռ արդեն գտնվում են Ինովրոցլավի ցամաքային զորքերի 1-ին ավիացիոն բրիգադում, վերջին երկուսը տեղ կհասնեն տարեվերջին։ Ընդհանուր առմամբ ութ ուղղաթիռ վարձակալելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ մեր համաձայնագիրն իրականացվում է դրույթներին համապատասխան», - գրել է նա։
«Սա երաշխավորում է, որ Լեհական զորքերի զինծառայողների ուսուցումն անցկացվի գրաֆիկին համապատասխան։ Նման ուղղաթիռների օգտագործումը թույլ կտա ապահովել Լեհական զորքերի համար գնված AH-64E տարբերակի Apache նոր ուղղաթիռների օդաչուների ու ցամաքային անձնակազմի պատշաճ ուսուցումը», - ընդգծել է նախարարը։
Վարձակալված ուղղաթիռներից առաջինը Վարշավային է մատակարարվել այս տարվա հունիսին։
2024 թ. օգոստոսին Լեհաստանը Միացյալ Նահանգների հետ մոտավորապես 10 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել 96 ժամանակակից AH-64E Apache հարվածային ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ՝ նյութատեխնիկական ապահովման և ուսուցման փաթեթով։ Այդ ուղղաթիռներից առաջինը Լեհաստան կհասնի 2028 թվականին, մատակարարումները կտևեն մինչև 2032 թվականը։ Լեհաստանի պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ դրանց ժամանումից հետո «Լեհաստանը կդառնա այս ուղղաթիռների երկրորդ խոշորագույն օգտագործողն աշխարհում ԱՄՆ-ից հետո»։
2025 թվականի սկզբին Վարշավան Վաշինգտոնի հետ կնքել է ևս մեկ՝ 300 միլիոն դոլարի պայմանագիր, որը ենթադրում է նախորդ տարբերակի ութ Apache մարտական ուղղաթիռների մատակարարում, որոնք Լեհաստանի կողմից կվարձակալվեն մինչև լեհական զորքի համար պատվիրված AH-64E Apache ուղղաթիռների ժամանումը։



