Լավրովը կոչ է անում ԱՄՆ-ին հրաժարվել Կուբայի...

Ռուսաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Կուբայի ռազմածովային շրջափակման ծրագրերից։ Այս մասին «Ազատության կղզու» իր գործընկեր Բրունո Ռոդրիգեսի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՄԻՐ 24-ը։

«Իհարկե, մենք կտրականապես մերժում ենք Ռուսաստանի և Կուբայի հասցեին հնչող շինծու մեղադրանքները, թե մեր համագործակցությունն իբր սպառնալիք է ստեղծում Միացյալ Նահանգների կամ որևէ մեկի շահերի համար։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով, որն ուղղված է շահերի հավասարակշռության որոնմանը»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը։

Մոսկվան հետևողականորեն կշարունակի աջակցել կուբացի ժողովրդին։ Այդուհանդերձ, ամերիկյան շրջափակման պատճառով կյանքը կղզում ծանրացել է։ Բնակելի շենքերում օրերով լույս չկա։ Առանց էլեկտրականության չեն աշխատում պոմպերը, որոնց օգնությամբ մարդիկ կարող էին խմելու ջուր հանել հորերից։ Կաթվածահար է հասարակական տրանսպորտի և ձեռնարկությունների աշխատանքը։ Ինքնաթիռները չեն թռչում, ինչի պատճառով տուժել են նաև ռուս զբոսաշրջիկները։ Սակայն, ինչպես հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, տարհանման չվերթների հարցն արդեն լուծված է, դրանք կապահովվեն վառելիքով։ Դեսպանատան և Գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մշտական կապի մեջ են տուրօպերատորների և Հավանայի համապատասխան գերատեսչությունների հետ, հայտնել է Լավրովը: