Լավ, ժողովուրդ, Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չ...

Մեր ընդդիմության հարգարժան գործընկերները ժամանակ առ ժամանակ այս դահլիճում, դահլիճից դուրս սոցիալական ցանցերում անընդհատ վերադառնում են իմ այդ հայտնի նախադասությանը «Արցախը Հայաստան է և վերջ». ես այսօր պետք է դրան անդրադառնամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչեւ 2018 թվականը, կամ 2017 թվականը  Ղարաբաղը ի՞նչ է: Անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետև անկախ պետությունը ունի իր ատրիբուտը: Մինչև հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են՝ եթե այդպես էր, ճանաչեիք: Ընդ որում մեզ վերագրվում է դավաճանական բան, դրանից առաջ ես պատգամավոր եմ եղել, այս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ է եղել, որ ճանաչենք Ղարաբաղը։ Մենք ասել ենք, չէ, Ղարաբաղը անկախ պետություն չի:

Շատ լավ, Ղարաբաղը Ադրբեջա՞ն է, չէ, Ղարաբաղը Ադրբեջան չէ, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղը Ադրբեջան է, պարզ է, թե ինչ արձագանք կլիներ: Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ, Ղարաբաղը Հայաստան չէ: Լավ, ժողովուրդ, Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, բա ի՞նչ է:

Սա կարևոր է հետևյալ տրամաբանությամբ: Հարգելի գործընկերներ, որևէ մեկը կարող է հղի լինել ինը ամիս, 9 ամիս անց պետք է մի որևէ բան տեղի ունենա: Պետք է կամ ծնվի երեխան, կամ պետք է չծնվի, կամ կեսարյան հատումով պետք է ծնվի, կամ բնական ճանապարհով, կամ կենդանածին պետք է լինի, կամ մեռելածին,  կամ տղա պետք է լինի, կամ աղջիկ:

Այն մոտեցումը, որ մենք այս հղիությունը պետք է ևս ինը ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է:

Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք մեր պայմանական հղիությունը ևս ինը ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ: Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պիտի ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր, և միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը և հնարավորությունը։

Փաշինյանը հիշեցրեց, որ երկու տարի առաջ ինքն ասել էր, որ եթե մեզ հաջողվի մեկ-երկու տարի պահել մեր պետականությունը, դա նշանակում է, որ մենք առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել և ստեղծում։

«Եվ ահա երկու տարի անց ես կանգնած եմ ՀՀ խորհրդարանի ամբիոնին որպես ՀՀ վարչապետ: Պիտի այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է, բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան, ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը, որովհետև այո, այն մարտահրավերները, որոնք մենք ունեինք երկու տարի առաջ, այդ մարտահրավերների մի մասը մի զգալի մասը դարձել են էականորեն ավելի կառավարելի, բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որը որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ մենք հաղթահարենք ազգ-նահատակ ազգ-բանակ բանաձևերը և ավելի ու ավելի ամուր կանգնենք որպես պետություն»,- հայտարարեց Փաշինյանը: