«Երբ տեսնում ես մարդկանց, որոնք սրտատրոփ ընդունելությամբ և գովեստի խոսքերով դիմավորում են Նիկոլ Փաշինյանին, ակամա հարց ես տալիս ինքդ քեզ՝ ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենալ։
Իշխանություն, որի օրոք Հայաստանը պարտվեց պատերազմում և կորցրեց իր հայրենիքի մի մասը, որը բազմաթիվ կարևոր հարցերում ձախողվեց և չկատարեց իր իսկ խոստումների մեծ մասը, և ղեկավար, որը իր սակավաթիվ հաջողությունները ներկայացնում է որպես մեծ նվաճումներ՝ անընդհատ դրանք ժողովրդի «երեսին տալով»:
Եվ, այնուամենայնիվ, այդ մարդը ոչ միայն շարունակում է ղեկավարել երկիրը, այլ նաև ձգտում է երկարաձգել իր իշխանությունը ևս մի հինգ տարով։
Այո, նման իրականությունը երբեմն կարող է հիասթափեցնել։ Կարող է առաջացնել գայթակղություն՝ փակվել սեփական աշխարհի մեջ և մտածել միայն քո ընտանիքի բարեկեցության մասին։ Բայց եթե մարդը իսկապես սիրում է իր հայրենիքը, եթե նա հավատում է իր ժողովրդի ապագային, ապա չի կարող հանձնվել գավառական մտածելակերպին և մարտնչող տգիտությանը։
Հենց այդ գիտակցությունն է, որ կրկին ուժ է տալիս, նոր էներգիա է ներշնչում և պարտադրում շարունակել պայքարը՝ մինչև այն Հայաստանը, որի մասին երազում ենք մենք բոլորս:
Հ. Գ. Նրանց, ովքեր չեն ցանկանում Նիկոլ Փաշինյանին, բայց հիասթափվել են՝ այլընտրանք տեսնելով միայն «նախկիններին», ուզում եմ ասել՝ Հայաստանը միայն նախկինների ու ներկաների ընտրությունը չէ։
Հայաստանում հաստատ կա՝
1000 մարդ, ով երկիրը կկառավարի լավ,
100 մարդ, ով երկիրը կկառավարի շատ լավ,
և առնվազն 10 մարդ, ով Հայաստանը կարող է դարձնել աշխարհի լավագույն երկրներից մեկը։
Այսինքն՝ լավ ընտրության հնարավորություն միշտ կա։
Իսկ նրանց, ովքեր «մի փոր» հացի կամ ժամանակավոր պաշտոնի համար շողոքորթում են իշխանությանը, ասեմ՝ մեր երազած Հայաստանում դուք «մի փոր» հացի համար շողոքորթելու կարիք չեք ունենալու». Նարեկ Մանուկյան, «Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ



