Լավ է տիկին Հովսեփյանին չհարցրեցին՝ ինչու՞ այն բենզալցակայանում չէիք, որ պայթեց, բարոյական հարթությունը ոտատակ տալը ուղղակի անմարդկային է: Այս մասին ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
«Ես միգուցե և չմոտենայի ամբիոնին եզրափակիչ ելույթ ունենալու համար, եթե որոշ հարցադրումներ չհնչեին տիկին Հովսեփյանին։ Այն հարցադրումները, որոնք վերաբերում էին բուն եվրոպական ինտեգրացիային և Եվրոպական Միության անդամակցությանը, բավականին նորմալ էին, բայց եղան հարցեր, որոնց մոտիվը ինձ մինչև վերջ հասկանալի չէ: Արցախցի կնոջը նայելով ասում են՝ դուք ճանաչու՞մ եք Արցախը Ադրբեջանի կազմում: Այսինքն մարդիկ, ովքեր Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, հանձնել են, պատճառ են դարձել էթնիկ զտման, կանգնած ասում են՝ դե ճանաչեք Արցախը Ադրբեջանի կազմում, ասեք Ղարաբաղ, չասեք հանկարծ Արցախ:
Սա հակամարդկային է, անմարդկային է, սա քաղաքական հարթության մեջ չէ, որ մենք էլ քաղաքական պատասխաններ հնչեցնենք: Մյուս հարցադրումն էլ՝ թե ինչու՞ էթնիկ զտման ենթարկվելու ժամանակահատվածում տիկին Հովսեփյանը Ստեփանակերտում չէր, լավ է չհարցրեցին, իսկ ինչու՞ այն բենզալցակայանում չէիք, որ պայթեց: Ես իսկապես կարծում եմ, որ բարոյական հարթությունը չպետք է անցնել, քաղաքականությունը քաղաքականություն, բայց բարոյական հարթությունը ոտատակ տալը ուղղակի անմարդկային է:
Ես սրան առանձին չէի անդրադառնա, եթե չզգայի, որ դա ընդհանուր մոտեցումն է արցախցիների նկատմամբ, այս համատեքստը շատ վտանգավոր է։ Անհնար է բերել դիսկուրս Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդների բարեկամության և հարաբերությունների հաստատման մասին, միևնույն ժամանակ Հայաստանի ներսում նման ատելություն սերմանել, սա արդեն քաղաքական ատելություն չէ, սրան պետք է վերջ տրվի, մեր ժողովուրդը չունի այդ ռեսուրսը միմյանց նկատմամբ ատելության ունենալու»,- նշել է Գրիգորյանը:



