Լատվիայի նախկին նախագահը կոչ է արել Երեւանում...

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը լուրջ մարտահրավեր է Միջազգային դատարանի համար։ Այս մասին «Ցեղասպանության հանցագործության դեմ» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ դեկտեմբերի 12-ին Երեւանում ասել է Լատվիայի նախկին նախագահ Էգիլս Լեւիտսը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է կատարել ցեղասպանական գործողություններ՝ ուղղված ուկրաինացիների ինքնության ոչնչացմանը։

Լեւիտսը ավելացրել է, որ Գազայում Իսրայելի գործողությունները նույնպես կարող են պարունակել ցեղասպանական գործողությունների նշաններ՝ կոչ անելով ուսումնասիրել դրանք։

Նրա գնահատմամբ՝ ցեղասպանության կատարման համար պատիժը կարող է դառնալ լուրջ միջոց ապագայում դրանց կրկնման դեպքում։

«Ցեղասպանության կանխումը միջազգային հանրության  շատ կարեւոր գործառույթն է, եւ այդ գործառույթը չի կարելի թերագնահատել։ Շատ կարեւոր է, որպեսզի արդարադատությունը եւ միջազգային իրավունքը դառնան ցեղասպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարեւոր մեխանիզմներ, ինչը թույլ կտա կանխել դրանց կատարումն ապագայում։

Քաղաքական եւ ռազմական գործիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե ցեղասպանություն են կատարում։ Միջազգային դատարանի գործունեությունը շատ կարեւոր հիշեցում է, որ աշխարհը հետեւում է իրադարձություններին եւ պատիժը կարող է սպառնալ մեղավորներին։ Միջազգային իրավունքը հաճախ, սակայն, բախվում է ցեղասպանության կանխման խնդիրների քաղաքական նպատակահարմարության եւ այլ գործոնների պատճառով»,- ընդգծել է Լեւիտսը։