
Գյումրիում լարված իրավիճակ է։ Իրավապահները չեն կարողանում Գյումրիի քաղաքապետարանի շենքից հեռացնել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, քաղաքացիները հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի։
Պարբերաբար բախում է տեղի ունենում։ Գյումրիի քաղաքապետարանի շենք են եկել նաև փոխոստիկանապետեր Կարեն Հակոբյանը, Վարդան Վարդանյանը և Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, որոնք, ի վերջո, կարողացան մուտք գործել շենք, թեև քաղաքացիները դիմադրում էին։
Գյումրեցիները իրենց դժգոհությունն են հայտնում. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Երկրաշարժ տեսանք, հասանք էս օրվան։ Ի՞նչ իրավունքով են եկել, գյումրեցու հանգիստն ինչու՞ կխանգարեն, ժողովուրդը լա՞վ կապրի, էս ծանր պայմաններում գան, մի հատ էլ սենց ներվային վիճակի հասցնեն։ Ճի՞շտ խոսալու համար ժողովուրդը պետք է պատժվի։ Ձուկը գլխից հոտած է, թող վարչապետին բռնեն, սաղ կոռուպցիան կվերանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու Վերածննդի հրապարակ եկած բնակիչներից մեկը։
Քաղաքապետի մամլո խոսնակի հաղորդմամբ՝ իրավապահներն առգրավել են Գյումրու քաղաքապետարանի ամբողջ տեխնիկան՝ սկսած ճանապարհային և աղբահան մեքենաներից, նրա խոսքով՝ քաղաքի կոմունալ ծառայությունները փաստացի պարալիզացված են։