Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է:
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ունեցած ելույթում:
«Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ տեղադրելով ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքում: Ու, եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ «բնապահպանական ակցիայի» պատրվակով, ապա հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից: Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու, այլ նաև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց՝ միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում:
Փաշինյանը նշեց՝ այս և սրան նախորդած մի շարք գործողությունների իրական և խորքային նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումն է և ցեղասպանություն իրականացնելը: Եվ հենց սա պետք է լինի բոլորիս, միջազգային հանրության ուշադրության առարկան:
«Հաջորդ հարցը, որը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետ տեղադրելով՝ ավելի է սրվում, հետևյալն է՝ որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները: Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության, ըստ էության, բոլոր կետերը»,-ասաց Փաշինյանը: