Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկ...

Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝  ժամանա՞կը չէ Արցախի գործընկերների հետ քննարկում-հանդիպում կազմակերպելու, կամ՝ Արցախ այցելելու:

«Դուք հանդիսանում եք  Հայաստան-Արցախ միջխորհրդարանական  հանձնաժողովի նախագահ, չնայած մի քանի անգամ ընդդիմությունն առաջարկել է, պահանջել, որ տեղի ունենա նիստ, բայց այդպես էլ չի կայացել: Հիմա դուք ի՞նչ կարող եք ասել այդ մասին, նախատեսվա՞ծ է արդյոք հանդիպում, քննարկում պատգամավորների միջև՝ համատեղ ելքեր գտելու համար», - հետաքրքրվեց Մինասյանը:

Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե հանդիպում նախատեսված էր սեպտեմբերի 19-ին, բայց  սեպտեմբերի 13-14-ի դեպքերի պատճառով այդ հանդիպումը հետաձգվեց:

«Իսկ ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը դժվար է, այս պահին որևէ  նման քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ», - նշեց ԱԺ նախագահը:

Արծվիկ Մինասյանն էլ ասաց՝ գուցե սա լավ առիթ է պատգամավորական ա՞յց կատարելու:

«Գուցե փորձ արվի Արցախ մեկնելու  համար հիմքեր ստեղծել, կամ՝ առցանց մակարդակով քննարկում հրավիրել», - նշեց նա:
Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց՝  Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի պատկերացնում Արցախ մեկնելու առաջարկն ինչպես կարելի է իրագործել: