«Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցու...

Ադրբեջանը պետք է հրաժարվի մաքսիմալիստական ​​պահանջներից, ռազմատենչ հռետորաբանությունից եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից։ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարն ասաց, որ իր գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրանով պայմանավորված Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի մասին։ Այս համատեքստում նշվել է հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական առաքելության կարեւորությունը։ Վստահ եմ, որ դա կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, նշեց նախարարը։

Արտգործնախարարն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը ոչ միայն միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է, այլեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, որը ստորագրել է Ադրբեջանը։ 2,5 ամիս շարունակվող շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը էներգետիկ ճգնաժամ է ստեղծում՝ բազմիցս միտումնավոր խափանելով Հայաստանից Արցախ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը։