Խորհրդարանական ընտրությունների գիշերը՝ քվեարկության արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ կայքի վրա կիբերհարձակման մասին իրավապահ մարմիններն անտեղյակ են, նման հաղորդում չեն ստացել։ Այդ մասին պաշտոնապես ՔԿ-ից հայտնել են «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։
Ինչպես հայտնի է՝ 2026 թվականի հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, Նիկոլ Փաշինյանի հրատապ հրավիրած ասուլիսից հետո, երբ հայտարարեց ՔՊ-ի հաղթանակի մասին առանց քվեարկության արդյունքների գոնե 40 տոկոսի ամփոփման, ԿԸՀ կայքի աշխատանքներում խափանումներ են արձանագրվել։ ԿԸՀ նախագահը ԱԺ ամբիոնից պնդել է, թե կայքի վրա իրականացվել է կիբերհարձակում։
«Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի ընթացքում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգը ենթարկվել է աննախադեպ կիբերհարձակման»,- սեպտեմբերի 17-ին հայտարարել է Հովակիմյանը՝ նշելով, թե հիմնական թիրախը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների փոխանցման համակարգերն էին, այդ թվում՝ ընտրական տեղամասերից ստացվող ուղիղ հեռարձակումը։ Հաջորդ օրը Հովակիմյանը հայտարարել է, թե կիբեռհարձակումները սկսվել են մայիսի 10-ից։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ քննչական կոմիտեին՝ պարզելու, թե արդյոք քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ, պարզվել է արդյոք կիբերհարձակման տեսակը և որ երկրի տարածքից է եղել, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է, թե ոչ։ Արդյունքում պարզվեց՝ իրավապահներն անտեղյակ են նման կիբերհարձակման մասին, իսկ ԿԸՀ նախագահի հայտարարությանը լուրջ չեն վերաբերվել։
«ԿԸՀ կայքի վրա կատարված կիբերհարձակման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում չի ստացվել, հետևաբար հիշյալ դեպքի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում »,- գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՔԿ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը։
Այստեղից կարող ենք եզրակացնել, որ կամ ԿԸՀ նախագահը ԱԺ բարձր ամբիոնից ստել է եւ ԿԸՀ կայքը կիբերհարձակման չի ենթարկվել, այլ իրենք են որոշ ժամանակով անհասանելի դարձրել կայքը, մինչեւ կպարզեին Նիկոլ Փաշինյանի ուզած հաղթանակն ապահովելու եղանակները կամ էլ իրավապահներին թույլ չի տրվել վարութ նախաձեռնել, քանզի «կիբերհարձակումը» եղել է իշխող ուժի կողմից կազմակերպված, եթե բացառենք այն տարբերակը, որ իրավապահներն ուղղակի այնքան ոչ կոմպետենտ են, որ անգործության են մատնված։



