Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 31-ի հերթական նիստում սահմանեց «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով ԿԸՀ պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման» կարգը։
Հարցը ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Վերջինս հիշեցրեց՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, ԶԼՄ-ները, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները և կուսակցությունները ԿԸՀ-ից ստանում են օգտահաշիվներ, և եթե ԶԼՄ-ներն ու դիտորդներն այդ օգտահաշիվների միջոցով հավատարմագրվում են, ապա կուսակցություններն ու դաշինքները համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների պարագայում առաջադրում են իրենց ընտրական ցուցակները։
ԿԸՀ քարտուղարի խոսքով՝ 2022-ի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հանձնաժողովը բախվել է մի խնդրի, երբ մեկ կուսակցություն օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ է դիմել կուսակցությունների առաջադրման ավարտին։ ԿԸՀ-ն տրամադրել է օգտահաշիվ, որպեսզի չմեղադրվի խոչընդոտներ ստեղծելու մեջ, սակայն, միևնույն է, կուսակցությունը ժամկետի պատճառով չի կարողացել առաջադրվել։ Արմեն Սմբատյանն ասաց, որ ԿԸՀ-ում այս հարցով աշխատանքային քննարկում են ունեցել և որոշել են նախագծում այնպիսի փոփոխություն կատարել, ըստ որի կուսակցությունները կարող են դիմել օգտահաշիվ ստանալու համար նույնիսկ առաջադրման վերջնաժամկետում։
«Նորից եմ կրկնում՝ նրա համար, որ խոչընդոտ չդիտարկվի, սակայն իհարկե պետք է հորդորենք, որպեսզի այն ավելի շուտ ստանան կուսակցությունները, և դրա համար ուզում եմ հայտնել, որ Սիսիան ու Անի համայնքներում առաջադրումները սկսվում են փետրվարի 9-ին և վերջանում փետրվարի 19-ին։ Եւ պատշաճ առաջադրվելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող են հենց վաղվանից դիմել ԿԸՀ և ստանալ օգտահաշիվ»,-ասաց Սմբատյանը։
Որոշումը դրվեց քվեարկության՝ արժանանալով հանձնաժողովի հավանությանը։



