Կուսակցություններ փակելու խնդիր դրված չէ. պատ...

«Կուսակցությունների մասին նոր օրենքով բազմաթիվ փոփոխություններ են նախատեսվում: Առաջին հերթին փոփոխությունները միտված են նրան, որ կանոնակարգեն այն բացերը, որոնք նախկինում եղել են: Առաջնային է նաև կուսակցությունների ֆինանսավորման հարցը: Այս փոփոխությամբ նպատակ կա հստակեցնել, թե ովքեր կարող են ֆինանսավորել կուսակցություններին: Մենք փորձում ենք բացառել իրավաբանական անձանց ֆինանսավորման հնարավորությունը և թույլ տանք, որպեսզի միայն ֆիզիկական անձիք և պետությունը կարողանան ֆինանսավորել կուսակցություններին: Նոր օրենքով առաջարկվելու է նաև բարձրացնել կուսակցությունների հաշվետվողականությունը: Բացի այդ փոփոխություններ է կրելու կուսակցությունների գրանցման կարգը»,-politik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Կուսակցությունների մասին օրենքում» փոփոխություններ նախատեսող նախագծին:

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ խրախուսվելու են այն կուսակցությունները, որոնք կզարգացնեն կուսակցական ներքին ժողովրդավարությունը, կուժեղացնեն կանանց դերակատարումը:

Սիմոնյանը վստահեցնում է, որ նախագիծը քննարկող աշխատանքային խումբն իր առաջ խնդիր չի դրել ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի լինեն կուսակցություններ, որոնք օրենքի փոփոխությունից հետո ստիպված լինեն դուրս գալ քաղաքական պրոցեսներից կամ փակվեն. «Ամեն կուսակցություն ներկայացնում է հասարակության որոշակի հատվածի և նոր նախագծով խթանվելու է նրանց ակտիվությունը, որի դեպքում նրանք նաև պետական աջակցություն կստանան»,-ասաց մեր զրուցակիցը: