Կուրսկում զոհվել է Ռուսաստանի բարձրաստիճան զի...

Կուրսկի մարզում զոհվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միխայիլ Գուդկովը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Գուդկովի զոհվելու մասին հայտնել է Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն՝ նշելով, որ նրա հետ միասին զոհվել է նաև նրա ընկեր Նարիման Շիխալիևը։

ՌԴ պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը զոհվել է հուլիսի 2-ին՝ Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններից մեկում՝ մարտական աշխատանքի իրականացման ժամանակ։

Իր հերթին, CNN-ը նշում է, որ Գուդկովը սպանվել է Ուկրաինայի կողմից և Ռուսաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, որ սպանվել է երեք տարի առաջ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Ուկրաինայի զինվորականները նախկինում Գուդկովին և նրա բրիգադի անդամներին մեղադրել էին Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ պատերազմի սկզբում Բուչայում, Իրպենում և Հոստոմելում։