Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին, դեռ շատ աշխատանք կա, իրավիճակի պարզաբանման համար անհրաժեշտ են շփումներ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
«Իհարկե, մենք լսել ենք այս հայտարարությունները։ Ակնհայտորեն, իհարկե, հիմա շատ աշխատանք կա անելու։ Մեզ անհրաժեշտ են շփումներ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք պարոն վարչապետի հայտարարություններին համապատասխան»,- լրագրողներին պատասխանել է Պեսկովը։
Հարցը, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերում Փաշինյանի նման հայտարարություններին, Պեսկովը վերահղել է ՀԱՊԿ-ին և պարզաբանել, որ Կրեմլը չի կարող խոսել կազմակերպության անունից։ «Իհարկե, ՀԱՊԿ շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու»,- եզրափակել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։