Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Ուկրաինային փոխհատուցում տրամադրելու շուրջ ընդունված բանաձևը Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների «կողոպուտի պաշտոնականացումն է»։ Պեսկովն ընդգծել է, որ որոշումն իրավաբանորեն պարտավորեցնող չէ, և Ռուսաստանը դեմ է դրան։
ՌԴ նախագահի խոսնակը հավելել է, որ «ռազմական գործողությունների հետևանքով տուժած ուկրաինական օբյեկտների վերականգնման մասին խոսք չկա»։
«Բնականաբար, այս գործընթացի կազմակերպիչները (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը Ուկրաինային փոխհատուցում վճարելու մասին – խմբ.») փորձում են ավարտին հասցնել մեր ոսկեարժութային պաշարների կողոպուտը։ Կողոպուտի պաշտոնականացում՝ օգտագործելով ՄԱԿ-ը: Որոշումն իրավաբանորեն պարտադիր չէ։ Մենք դեմ ենք», - Պեսկովի խոսքերն է փոխանցում «Коммерсантъ» պարբերականը։
Հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է մասնակցել ռազմական գործողությունների հետևանքով վնասված օբյեկտների վերականգնմանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում նման աշխատանքներ արդեն իսկ իրականացվում են։ Ռուսաստանից դուրս օբյեկտների վերականգնման մասին «խոսք չկա»:



