
Կրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի Ռուսաստանի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին, Կիևից հանդիպման առաջարկներ դեռևս չեն ստացվել։
«Մենք կոչ ենք անում բոլորին անել դա։ Այս դեպքում հիմնականը Միացյալ Նահանգների՝ նախագահ Թրամփի և նրա թիմի միջնորդական ջանքերն են։ Շատ հայտարարություններ արվեցին, շատ խոսքեր հնչեցին հիասթափության մասին։ Մենք, իհարկե, ուզում ենք հույս ունենալ, որ դրան զուգահեռ ճնշում է գործադրվում ուկրաինական կողմի վրա (բանակցությունները շարունակելու համար - խմբ.)», - լրագրողներին ասել է նա։
Ռուսաստանը և Ուկրաինան անցկացրել են ուղիղ բանակցությունների երկու փուլ, հանդիպումները տեղի են ունեցել Ստամբուլում։ Դրանց արդյունքում տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Բացի այդ, կողմերը փոխանակել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր։ Սակայն բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան և Ռուսաստանը բազմիցս հայտարարել են այն անցկացնելու իրենց պատրաստակամության մասին։