
Կրեմլը նախապես չի բացահայտի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի առաջիկա զրույցի մանրամասները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք երբեք դա չենք անում, մենք մեզանից առաջ չենք անցնում: Զրույցն իսկապես պատրաստվում է։ Բայց մեր ընկալմամբ, իհարկե, երկու նախագահների խոսակցությունները բովանդակային որևէ ապրիորի քննարկման ենթակա չեն։ Հետևաբար, մենք դա չենք անի»,- ճեպազրույցում ասել է Կրեմլի խոսնակը։
Պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ Պեսկովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի զրույցը պատրաստվում է երեքշաբթի՝ մարտի 18-ին։
ԱՄՆ նախագահը նախօրեին լրագրողներին ասել էր, որ նախատեսում է երեքշաբթի օրը զրուցել Ռուսաստանի ղեկավարի հետ, իսկ զրույցի ընթացքում մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել ուկրաինական հակամարտության շրջանակներում տարածքային և ենթակառուցվածքային հարցերին։