
Ռուսաստանը ողջունում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարը, եթե դրան իսկապես հաջողվել է հասնել: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե իսկապես հաջողվել է հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել։ Դա այն է, ինչը ՌԴ-ն կոչ է արել այս հակամարտության հենց սկզբից։ Ուստի դա կարելի է և պետք է ողջունել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Իրանի ու Իսրայելի միջև հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
«Մենք հույս ունենք, որ սա կլինի կայուն հրադադար», - նշել է նա։
Պեսկովն ասել է, որ Կրեմլում տեսել են Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունները, լսել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունները և տեսել նախագահ Թրամփի բազմաթիվ հայտարարությունները։
Հարցին, թե այս հրադադարը, Մոսկվայի գնահատմամբ, որքանով կարող է կայուն լինել, Պեսկովը նշել է, որ դա հայտարարելուց առաջ «եղել են Կատարի միջնորդությամբ շփումներ, ինչպես նաև ԱՄՆ նախագահի մի շարք շփումները Մերձավոր Արևելքում»։
«Մենք մինչև վերջ չգիտենք բոլոր մանրամասները, ուստի այստեղ ոչինչ չենք կարող ասել, բայց հենց սկզբից մենք կոչ ենք արել հրաժարվել խնդրի ռազմական լուծումներից և միանգամայն բացառել չհրահրված հարձակում որևէ պետության, այս դեպքում՝ Իրանի վրա, և որ առկա խնդիրների լուծումն ու կարգավորումը իրականացվեն քաղաքական ու դիվանագիտական միջոցներով», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։