
Մենք ողջունում ենք Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ անուղղակի բանակցությունների գործընթացի մեկնարկը եւ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունը՝ շարունակելու այդ բանակցությունները։ Այս մասին IRNA-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունների առաջին փուլի մասին հարցին՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կողմ է կողմերի շահերը հաշվի առնելու եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը շարունակելուն։«Մենք համոզված ենք, որ իրանական միջուկային ծրագրին եւ ԳՀՀԾ-ին վերաբերող բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով»,- ասել է նա։Կրեմլի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանն իր առաջնահերթություններից է համարում իրանական միջուկային հիմնախնդրի խաղաղ կարգավորումը եւ պատրաստ է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ նպաստելու բանակցային գործընթացին։