Կրասնոդարի դպրոցներից մեկում դանակահարություն...

Կրասնոդարի միջնակարգ դպրոցներից մեկում դանակով հասակակիցների վրա հարձակված դեռահասը ծնողների հետ վտարվել է Հայաստան, «Կոմերսանտ»-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ 

Ավելի վաղ Կրասնոդարի Պրիկուբանսկի դատարանը դպրոցականին մեղավոր էր ճանաչել զենքի գործադրմամբ խուլիգանության համար և դատապարտել 30,000 ռուբլու տուգանքի։

Կրասնոդարի թիվ 94 միջնակարգ դպրոցում միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին։ Ուսումնական հաստատության միջանցքում աշակերտների միջև կոնֆլիկտի ժամանակ դեռահասներից մեկը հանել էր դանակը և հարվածել հասակակցի ոտքին։

Նրա ընտանիքի ստուգման ժամանակ պարզվել է, որ դեռահասի ծնողները՝ ՀՀ քաղաքացիները, ապօրինի են գտնվել Ռուսաստանում: Կարգադրիչներն ընտանիքին ուղեկցել են Միներալնիե Վոդի քաղաքի սահմանային հսկողության կետ, որից հետո դեռահասին և նրա ծնողներին չվերթով ուղարկել են Հայաստան։