Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը:
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հայտնեց, որ համաձայնագիրը վերաբերում է Հայաստանում COP17 համաժողովի անցկացմանը:
«Համաժողովի շրջանակում կանցկացվեն Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, կենսաանվտանգության հարցերը կարգավորող Կարթագենյան արձանագրության կողմերի 12-րդ հանդիպումը և գենետիկական ռեսուրսների հասանելիության ու դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխման հարցերը կարգավորող Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ հանդիպումը: Համաձայնագիրը սահմանում է ՀՀ կառավարության և կոնվենցիայի քարտուղարության փոխադարձ պարտավորությունները։ Այն վերաբերում է համաժողովի կազմակերպման և անցկացման իրավական, ֆինանսական, վարչական ու կազմակերպչական հարցերին»,- ասաց Աբիսողոմոնյանը։
Համաձայնագրով կարգավորվում են համաժողովի անցկացման վայրի և անհրաժեշտ ենթակառուցվածքների տրամադրման, տեխնիկական և հաղորդակցման միջոցների ապահովման, պատվիրակությունների ընդունելության և այլ հարցեր։
«Համաձայնագրի վավերացումը կարևոր է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման համար։ Այն նաև հնարավորություն է տալիս հստակ կանոնակարգել նման մեծամասշտաբ համաժողովի հյուրընկալման հետ կապված հարցերը»,- նշեց նախարարի տեղակալը:
Հայաստանը 2026 թվին հյուրընկալում է COP17-ը և մինչև 2028 թիվը ստանձնում կոնվենցիայի նախագահությունը՝ հանձնառելով մեկտեղել մարդկության առջև ծառացած բնապահպանական մարտահրավերներին դիմագրավելու միջազգային ջանքերը։
COP17-ի պաշտոնական պատկերանիշը երևանյան կապտաթիթեռն է (Polyommatus eriwanensis)՝ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված էնդեմիկ տեսակ։
Կենսաբազմազանության կոնվենցիան գլոբալ բնապահպանական երեք կոնվենցիաներից մեկն է, որը համակարգում է միջազգային ջանքերը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի հարակայունությանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը:
Կոնվենցիայի շրջանակում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը՝ Կողմերի համաժողովը կամ COP-ը (Conference of Parties), երկու տարին մեկ հրավիրում է 196 անդամ երկրների, որոնք միասին մշակում են կիրարկման մեխանիզմներ ու ապահովում դրանց իրականացումը:
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը՝ Երևանում։



