Կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված պա...

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված պացիենտների վիճակը ծանր է, նրանք գտնվում են բժշկական հսկողության ներքո։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Գիտեք, որ մեր պացիենտների վիճակը բավականին ծանր է, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները։ Հիմա այլ բան չեմ կարող ասել, նրանք գտնվում են բժշկական հսկողության ներքո»,- ասաց Ավանեսյանը։

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 7 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նրանցից մեկը մահացել է, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր։