2021թ. մայիսի 25-ին` ժամը 19:30-ին, «Շենգավիթ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոց է արձակել երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Երիտասարդը տուժող է ճանաչվել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում տուժողին պատկանող ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ և արնանման հետքեր: Առգրավվել են տուժողի հագուստները և վերջինիս մարմնից հանված մետաղյա բեկորները։
Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: