Կրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․...

Ոստիկանության Շենգավիթի բաժնում մայիսի 5-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 00։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ հրապարակում ավտոմեքենաները վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել «Toyota Camry» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հարակից բնակելի շենքերից մեկից կրակոցներ են արձակել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ «Opel»-ը վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Հայկ Ս․-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ 17-ամյա Տիգրան Ս․-ն, «Toyota Camry»-ն էլ վարել է Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ․-ն։

Շենգավիթի ոստիկանները պարզել են նշված անձանց գտնվելու վայրը և տարված բացատրական աշխատանքի արդյունքում վերջինները ներկայացվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ ժամեր անց Շենգավիթի ոստիկանները պարզում են դեպքի վայրին հարակից շենքերից որ բնակարանից են կրակոցներ արձակել և բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայանում Երևանի բնակիչ 42-ամյա Վահագն Գ․-ն և 15-ամյա Արամ Խ․-ն։

Վահագն Խ․-ն ոստիկաններին է ներկայացնում «Մակարով» տեսակի ատրճանակի նմանվող զենք և հայտնում է, որ այդ օրը գիշերը նշված զենքով պատուհանից իր որդին է օդ կրակել, երբ տեսել է, որ 3 հոգի վիճաբանում և քաշքշում են իրար ու նրանց վախեցնելու նպատակով է օդ կրակել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։