Երեկ՝ նոյեմբերի 8-ին իրավապահները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ ու եղել է վիրավոր:
Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 5-ին, ժամը 16:00-ի սահմաններում Ապագա գյուղի հարակից տարածքում Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Զավեն Մ.-ն, նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Մ.-ն ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Խոդեդա Ֆ.-ի հետ, վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով:
Վիճաբանության ժամանակ հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ և տեղի է ունեցել քաշքշոց: Վիճաբանություն-քաշքշոցից հետո նշված անձինք հեռացել են ու Խոդեդա Ֆ.-ն կատարվածի մասին պատմել է իր որդիներ, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Ռուստամ Ֆ.-ին, 29-ամյա Քյարամ Ֆ.-ին, ովքեր նախապես պայմանավորվել են և նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, եկել են Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածք, որտեղ կամրջի հարևանությամբ հանդիպել են Զավեն Մ.-ին, Գևորգ Մ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Հ.-ին և վերջինիս ընկերների հետ:
Սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ Քյարամ Ֆ.-ն իր մոտ եղած ինքնաձիքով կրակահերթ է արձակել Դավիթ Հ.-ի կողմից վարվող Opel մակնիշի ավտոմեքենայի և հավաքված մարդկանց ուղղությամբ:
Դավիթ Հ.-ն ստացել է հրազենային վնասվածք ոտքի հատվածում, իսկ մյուսները դիմել են փախուստի:



