
2024 թվականի մայիսից մեկնարկել ենք օտարման և պայմանագրերի կնքման աշխատանքները, հուլիսից հայցեր ենք ներկայացրել դատարաններ, օրենքով սահմանված կարգով: Այս պահի դրությամբ կնքված են թվով 61 գույքի պայմանագրեր, ևս մեկն ակնկալում ենք հոկտեմբերի 21-ին, այսինքն՝ վաղը: Այս մասին Երևան քաղաքի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցել են քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ Արզումանյան փողոցի համար 10 և 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի մասին:
«Հիշեցնեմ, որ Արզումանյան 10 և 17 շենքերը երկուսն էլ չորրորդ կարգի վթարային են: Երևանի քաղաքապետարանը սկսել է այս գործընթացը 2022 թվականի սեպտեմբերից և մենք հիմա 2025 թվականի հոկտեմբերին շարունակում ենք քննարկել, որ որոշ մարդիկ այնուամենայնիվ չեն գիտակցում, որ ապրում են չորրորդ կարգի վթարային շենքում և որ շենքը կարող է փլուզվել: Երևանի քաղաքապետարանն այստեղ ուղիղ պարտավորություն և պարտականություն չունի։ Հատուկ ուզում եմ շեշտել, սա մենք անում ենք, որովհետև հասկանում ենք, որ մարդկանց անվտանգությունն ամենից վեր է»,-ասել է Տիգրան Ավինյանը:
Նա նշել է, որ այդ բնակարանները փաստացի զրո արժեք ունեն: Ըստ Ավինյանի, քաղաքապետարանը նշված շենքերի բնակիչներին առաջարկել է ծրագիր, որով նախատեսնվում է նրանց վերաբնակեցումը:
«Այդ տեղերում կկառուցենք նոր շենքեր և համապատասխանաբար կփոխհատուցենք բնակարաններով նույն բնակիչներին, ովքեր որ ունեն զրո դրամ արժողությամբ բնակարաններ այդ հասցեներում, այսինքն՝ զրո դրամը պետք է դառնար բնակարան և բոլոր այն մարդիկ, ովքեր այս դատական գործընթացներով խնդիր են ստեղծում, թող իրենց պատասխանատվության բաժինը համապատասխանաբար գիտակցեն»,-ասել է Երևանի քաղաքապետը:
Նա հավելել է, որ 42 քմ գույքի փոխարեն առաջարկում են 50 քմ գույք՝ նորակառույց շենքում և կան մարդիկ, ովքեր դիմադրում են: Նրանք 61 ընտանիքից 14-ն են: