Կողքը տուն ունեմ, անձնական հետաքրքրություն կա...

Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Երեւանում ճանապարհային հանգույցների կառուցումը, մասնավորապես Կրկեսի հանգույցի կառուցումը, «Հայրենիք» կինոթատրոնի  հրապարակի հանգույցի կառուցումը, բացի նրանից, որ մենք բավականին տեւական ժամանակով այդ հանգույցները փակ ենք պահելու, ինչ-որ շինարարություն ենք անելու, դա չի տալիս այն դրական էֆեկտները, որ կկարողանանք ասել, որ տրամաբանություն կա այդտեղ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ասեմ ավելին, այն լուծումները, որոնք առաջարկվում են, այդ գեղեցիկ հրապարակների էական ձեւափոխման են բերում: Մասնավորապես, «Հայրենիքի» հրապարակը ամբողջապես դառնում է ավտոստրադա, որը քաղաքային միջավայրում սխալ բան է»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, ապա ծիծաղելով հավելեց. «Այդ ավտոստրադաների կառուցումը նաեւ մոտակա տների գներն են գցում, եւ քանի որ ես կողքը տուն ունեմ, անձնական հետաքրքրություն ունեմ»: