Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակցի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում կառավարման և որոշումների կայացման գործընթացներում ներգրավված կանանց վերաբերյալ ցուցանիշներ` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում նրանց ներգրավումը նաև անվտանգության ոլորտում ընդլայնելու ուղղությամբ:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է քաղաքականության մշակման, բանակցությունների վարման և անվտանգության հարցերում կանանց մասնակցության ու ձայնի լսելի լինելու կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության օրակարգին ու ընթացիք ծրագրերին:



