Իրանն աջակցում է կովկասյան տարածաշրջանի հետ կապի ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած գործողությունների և հարթակների՝ հարգելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը և դա գնահատում է որպես խաղաղության ամրապնդման և իր հարևանների շահերի ապահովմանն ուղղված արդյունավետ քայլ։ Այս մասին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, հայտնում է Իրանի ղեկավարի պաշտոնական կայքը։
Ի պատասխան երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև ավտոմոբիլային և երկաթուղային կապերի զարգացման Հայաստանի կառավարության ծրագրի, Իրանի նախագահն ասել է, որ սա «արդյունավետ քայլ է խաղաղության ամրապնդման և իրենց հարևանների շահերի ապահովման ուղղությամբ»։
Ռաիսին Կովկասը բնութագրել է որպես խաղաղության կարիք ունեցող կարևոր տարածաշրջան և հավելել. «Կովկասի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը որոշված է, և պետք է հոգ տանել, որպեսզի կովկասյան տարածաշրջանը չդառնա մրցակցության դաշտ արտատարածաշրջանային երկրների համար, և որ հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց կողմնակի կողմերի միջամտության»:
Նախագահը Թեհրանում «3+3» հանդիպման հաջող անցկացումը բացատրել է որպես տարածաշրջանային հարաբերությունների և համագործակցության ամրապնդման և միմյանց հետ տարածաշրջանի երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կառուցողական քայլ՝ հավելելով. «Տարածաշրջանի երկրների փոխադարձ շահերն ապահովելը Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունն է»։
Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության վերջին զարգացումները և տարածաշրջանի վերջին զարգացումները, ինչպես նաև բնութագրել է Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հարաբերությունների շարունակությունն ու ընդլայնումը` վկայակոչելով երկկողմ հարաբերությունները համակողմանի զարգացնելու երկու երկրների կամքը: