Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։ Այդ օրը՝ ժամը 21։50-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Պռոշյան գյուղի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Տ-ն էր, ով նույն օրը՝ ժամը 18։30-ի սահմաններում իրենց շենքի՝ իրեն պատկանող ալեհավաքը ուղղելու նպատակով փայտե աստիճաններով վեր բարձրանալիս աստիճանից անզգուշաբար վայր է ընկել և ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։



