«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել...

Օգոստոսի 8-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի է մտել «Հերացու» անվան ավագ դպրոց, դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, հայհոյում է, և չնայած նրան դուրս հրավիրելուն՝ չի հեռանում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում պարզվել է, որ ժամը 12։10-ի սահմաններում, Հրաչյա Ներսիսյան փողոցի 3 հասցեում գտնվող «Հերացու» անվան ավագ դպրոց է մտել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 48-ամյա Արմեն Հ․-ն։

Տվյալ պահին դպրոցում ներկա են գտնվել երկու ուսուցիչ, զինղեկը և վերանորոգման աշխատանքներ իրականացնող 3 անձ։ Արմեն Հ․-ն, ըստ տեղեկությունների, տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Կայքի տեղեկություններով՝ Արմեն Հ․-ն ոստիկանների կողմից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։