«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ներկայացուցիչներն ու ավագ դպրոցի աշակերտները նախօրեին հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում և հանդիպել Կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանի հետ: Հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից:
Մուշեղ Բաբայանը ներկայացրել է Կոմիտեի գործունեությունն ու քննչական աշխատանքի առանձնահատկությունները, խոսել կոռուպցիայի վտանգավորության, դրա պատճառների և հետևանքների մասին՝ ընդգծելով, որ կոռուպցիան հանցագործության այն տեսակն է, որի դեպքում տուժողը միշտ հասարակությունն է, պետությունը:
Անդրադառնալով կոռուպցիայի տեսակներին՝ Կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ կոռուպցիոն բոլոր երևույթները, առանց բացառության, պետք է անհանդուրժելի լինեն հասարակության համար, քանի որ դրա ամենափոքր դրսևորումն անգամ կարող է շատ ծանր հետևանքների հանգեցնել, ընդհուպ՝ մինչև անպատժելիության մթնոլորտի ձևավորման և պետության նկատմամբ անվստահության:
Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների համար առաջինը չէր: Մինչ այդ` «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում, Կոմիտեի ներկայացուցիչները կրթահամալիրի նախաձեռնությամբ այցելել էին հիշյալ ուսումնական հաստատություն և հանդիպել տեղի ուսուցչական կազմի ու աշակերտների հետ, նրանց հետ քննարկել հակակոռուպցիոն կրթության կարևորությունը՝ որպես կոռուպցիան կանխարգելելու և այդ երևույթի դեմ պայքարելու առանցքային գործոններից մեկը: