
Կոպենհագենը մտադիր է եվրոպական արտադրողներից ՀՕՊ համակարգեր գնել 9,11 միլիարդ դոլարի չափով: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին սեպտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։
«Կասկած չկա, որ իրադրությունն անվտանգության ոլորտում լուրջ խնդիր է», - ասել է նա։
Հաղորդվում է, որ Դանիան պատրաստվում է ձեռք բերել իտալաֆրանսիական արտադրության ութ SAMP/T ՀՕՊ համալիրներ, ինչպես նաև Նորվեգիայի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի կողմից արտադրված միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր։
Իր հերթին, Դանիայի պաշտպանական գնումների և լոգիստիկայի կազմակերպության ղեկավար Պեր Պուգհոլմ Օլսենը բացատրել է, որ Եվրոպայում հավաքված ՀՕՊ համակարգերը կարելի է ավելի արագ ստանալ, քան ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրները։
2024 թ. փետրվարին լրատվամիջոցները հաղորդել են, որ Դանիայի իշխանությունները պատրաստվում են մինչև 2033 թվականը պաշտպանական կարիքներին ուղղել 17 միլիարդ դոլար։