2024 թվականի հոկտեմբերի 15-16-ը ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը, իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը մասնակցել են Կոպենհագենում կայացած մանկական ավանդական և նոր ներդրված պատվաստանյութերի վերաբերյալ տարածաշրջանային աշխատաժողովին:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են պատվաստումների ոլորտում անհավասարությունները բացահայտելու, վերացնելու և դիտարկելու գործնական հարցերը:
Ներկայացվել են ԱՀԿ-ի նոր մոտեցումները՝ բոլորի համար պատվաստանյութերի հավասար հասանելիության ապահովման հնարավորությունները՝ առանց որևէ մեկին անտեսելու, մասնավորապես՝ իմունականխարգելման եվրոպական օրակարգի առաջնահերթությունները, նոր ներդրված մանկական պատվաստանյութերի արդարացի հասանելիության ապահովման առաջընթացը, մարտահրավերները, վարքագծային պատկերացումների հետազոտությունների կիրառումը՝ պատվաստումներում ցածր ընդգրկվածության պատճառների և առկա մարտահրավերների բացահայտման, լուծման ուղիների կիրառման նպատակով, նոր ներդրված պատվաստանյութերի ցածր ընդգրկվածության ցուցանիշների գնահատումը, ինչպես նաև երկրների փորձը՝ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավման գործընթացում վարքագծային պատկերացումների հետազոտությունների կիրառումը:
Ներկայացվել է նաև ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավման Հայաստանի հաջողված փորձը, կիրառված ռազմավարությունները: