«Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգա...

«ԵԱՏՄ երկրներ խմիչք արտահանող մեր հայրենակիցների բեռները շաբաթներ շարունակ մնում են Վրաստանում՝ իբրև թե նմուշառում իրականացնելու, ինչի իրավունքը չունեն, պլոմբները  պոկում են։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր աշխատակիցներ մնում են գործազուրկ, ՌԴ–ի և ԵԱՏՄ երկրների հետ կնքնված պայմանագրերի շրջանակում բավականին խոշոր տույժեր են վճարում մեր գործարարները»։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ–ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Վրաստանի դեսպանատան մոտ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ կոնյակագործների կողմից բարձրաձայնված խնդիրներին։

«Փաստացի այս ոլորտն անմխիթար իրավիճակում է հայտնվել»,–հավելեց նա՝ հարց ուղղելով ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրի լուծման ուղղությամբ։

«Տնտեսվարողները Վրաստանի դեսպանատան մոտ են բողոքի ակցիա իրականացնում, որովհետև հասկանում են, որ խնդիրը ՀՀ կառավարության հետ չէ։ Մենք ակտիվ աշխատանքի մեջ ենք, տարբեր իրավիճակներ ենք քննարկում Վրաստանի գործընկերների հետ։ Իհարկե, գործարար համայնքն էլ իր կապերով է այդ նույն քննարկումների մեջ։ Առաջիկայում հնարավոր է, որ ևս մեկ անգամ էլ ես այցելեմ Վրաստան, տեղում քննարկենք։ Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, և ես իրապես կարծում եմ, որ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են»,–ասաց Պապոյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից կոնյակագործները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն: