
Երևանի տարբեր հատվածներում պարբերաբար իրականացվում են կանաչապատման, մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Այսօր նման եռուզեռ էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգում։
Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նշված այգին վարձակալից վերցնելու և քաղաքապետարանին հանձնելու դատական գործընթացը, անցնելով բոլոր ատյաններով, տևել է մոտ երկու տարի։
«Երկուշաբթի օրը վերջնականորեն արձանագրվեց և համապատասխան որոշմամբ Կոնսերվատորիայի հարակից այգին վերադարձվեց Երևանի քաղաքապետարանին։ Այսօրվանից ինտենսիվորեն սկսել ենք բարեկարգման ու կանաչ զանգվածի վերականգնման աշխատանքները։ Գարնանն ամբողջ ծավալով կիրականացնենք նոր ծառատունկ։ Այժմ քննարկում ենք այն հարցը, թե դա կանի քաղաքապետարա՞նը, թե՞ որևէ մասնավոր ընկերություն։ Քննարկումների արդյունքում կստանանք լավագույն տարբերակը»,- ասաց Երևանի քաղաքապետը։
Ավինյանը հավելեց, որ նախկին վարձակալի կողմից այգին անմխիթար վիճակի հասցնելու համար սահմանվել են տույժեր և տուգանքներ, քաղաքապետարանը դատական կարգով պարտադրելու է, որպեսզի տուգանքները վճարվեն։
«Քաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում նմանատիպ այգիներ շատ ենք ունեցել, ուստի պարբերաբար բարեկարգման աշխատանքներ իրականացնում ենք տարբեր տեղերում։ Նման աշխատանքներ կատարվել են, օրինակ, Օղակաձև այգում, Մերգելյանի անվան գործարանի հարակից այգում։ Խնդիրներ ունենալու դեպքում պայմանագրերը խզել ենք, այգիների տարածքներից վերացրել ենք ինքնաշեն կառույցները։ Դրանց տերերը Երևանի քաղաքապետարանի մոտեցումը հասկացել են»,- ասաց Ավինյանը։
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն իր հերթին ներկայացրեց այգում իրականացվող աշխատանքների ընթացքը։
«Ուրախալի է, որ Կոնսերվատորիայի հարակից այգին վերջապես վերադարձվել է համայնքին, որը նախկինում 99 տարով տրված էր վարձակալության, ինչն անընդունելի էր։ Հաճելի է, որ հանրային շահը գերակա դասվեց անձնական շահից։ Այդուհանդերձ, այգին խայտառակ կերպով գտնվել է բարձիթողի վիճակում և նրան հասցվել է բավականին մեծ վնաս։ Այսօր հատվելու են ամբողջությամբ չորացած մեկ տասնյակից ավելի ծառերը։ Մյուսներն էտվելու են, քանի որ գրեթե բոլորի գագաթային մասերում առկա է չորացում։ Մեկտեղ իրականացվող ագրոմիջոցառումները ներառում են սանիտարական էտ, հողի փխրեցում և պարարտացում, վնասատուների դեմ սրսկումներ, նոր հողախառնուրդի տեղադրում այգու տարածքում»,- ասաց Բեգոյանը։
Նա հավելեց, որ աշխատանքներն իրականացվում են՝ եղած կանաչ զանգվածը փրկելու, իսկ գարնանը ակտիվ ծառատունկ իրականացնելու նպատակով, որպեսզի ծառերին հաղորդվի երկրորդ կյանք։ Բեգոյանը վստահեցրեց, որ հենց այնպես ոչ մի ծառ չի հատվելու։ Գլխավոր դենդրոլոգի ձեռքում կան չորացած ծառերի հատման տոմսեր, որոնք կնքվում և հաստատվում են համապատասխան ստուգումից հետո։
«Կա նաև Երևանի քաղաքապետի հանձնարարականը՝ մշակելու այգուն վերաբերող նոր նախագիծ։ Քննարկումներն ընթացքի մեջ են, և կա ցուցում, որպեսզի տարածքը լինի շատ գեղեցիկ կահավորված և մոդեռն ոճով ձևավորված։ Այս փուլում գույքագրումով և անհապաղ իրականացվող վերականգնողական և բարեկարգման ագրոմիջոցառումներով կսահմանափակվենք։ Ջրցան մեքենաներով մեկ-երկու անգամ ծառերը կջրվեն, և այգին կպատրաստվի գարնանային տունկին։ Կքանդվեն սրճարաններից հետո մնացած բոլոր բետոնային հատվածները»,- ասաց Բեգոյանը։
Նա ցավով նշեց, որ հազվագյուտ և արժեքավոր համարվող սոսիները տարիներ շարունակ հայտնվել են անմխիթար վիճակում, որոշներն արդեն ամբողջությամբ չորացել են։ Թեև տարածքում ոռոգման համակարգ չկա, սակայն այգու մատույցներից մեկում տեղադրվել է ջրի սնուցման կետ, որպեսզի ծառերը ջրվեն ռետինե խողովակների միջոցով։ Մինչև նոր ծառատունկը Կոնսերվատորիայի հարակից այգում կանցկացվի ժամանակակից ոռոգման համակարգ։ Մասնագետը հավաստիացրեց, որ բերվելու են ամենաարժեքավոր, գեղատեսիլ և ֆունկցիոնալության առումով ամենալավ ծառերը։ Երևանի քաղաքապետարանը ոչինչ չի խնայելու այգին բարեկարգ վայր և հաճելի հանգստյան գոտի դարձնելու համար։
«Այսօր մեկնարկած աշխատանքներն այստեղ շուտ չեն ավարտվի, դեռ կընթանան երկու օր, որովհետև բոլոր տեսակի ագրոմիջոցառումները ներառված են գործընթացում։ Երևանի քաղաքապետարանն ունի անհրաժեշտ միջոցները՝ տեխնիկայից մինչև պարարտանյութեր և թունաքիմիկատներ։ Այստեղ արդեն իսկ աշխատում է երկու վերամբարձ կռունկ, ութ բեռնատար, չորս տրակտոր, ինչպես նաև՝ հողը փխրեցնող և սրսկումներ իրականացնող սարքավորումներ։ Թեև մայրաքաղաքում կան անբարեկարգ վիճակում գտնվող բազմաթիվ այլ այգիներ, բայց, թերևս, ամենաանմխիթար վիճակում գտնվում է հենց այս այգին։ Այժմ բոլոր վարձակալներին ներկայացնում ենք խիստ պահանջներ, և նրանք հետևում են մեր ցուցումներին»,- մանրամասնեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենը։
Բեգոյանը հավելեց, որ 2025 թվականին իրենք հիմնական շեշտադրումը կատարել են մայրաքաղաքի հյուսիսային մուտքը բարեկարգելու վրա՝ ներառելով ճանապարհների միջնաշերտերն ու շրջադարձերը, որոնք ամբողջությամբ կանաչապատվել են։ Իսկ 2026 թվականին հիմնական շեշտը դրվելու է Երևան-Սևան մայրուղու մուտքերի, դրանց հարող լանջերի, Մյասնիկյան պողոտայի բարեկարգման, տունկի և գեղեցիկ ձևավորման աշխատանքների վրա։
«Քննարկումների արդյունքում, որոնք կավարտվեն նոյեմբերի կեսերին, կձևավորենք 2026 թվականի մեր աշխատանքային գրաֆիկը, և ամեն ինչ արդեն հստակ կլինի»,- եզրափակեց Բեգոյանը։