Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող սննդի կետի հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, ծխահարվել է 2 քաղաքացի: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն՝ ընդգծելով, որ տուժած քաղաքացիները առաջին օգնություն են ստացել:
«Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը՝ սննդի կետում գտնվող քաղաքացիները տարհանվել են: Այս պահի դրությամբ այլ տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չունենք»,- մանրամասնեց խոսնակը:
Ճշտող հարցին՝ արդյոք հրդեհը բռնկվել է KFC-ում, և որն է բռնկման պատճառը, պատասխանեց.
«Նախնական տեղեկություններով՝ ըստ ահազանգի, հրդեհը բռնկվել է սննդի կետում: Պատճառների մասին վաղ է խոսել, այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»:
Հրդեհաշիջման աշխատանբքները տեղում ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը: Այս պահին ներգրավված է 14 մարտական հաշվարկ:
Նոյեմբերի 6-ին ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։



