Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն նախագահական ինքնաթիռ է տրամադրել ԱՄՆ-ից կոլումբիացի ներգաղթյալների «արժանապատիվ վերադարձը կազմակերպելու» համար: Սակայն հատկանշական է, որ ընդամենը մեկ օր առաջ նա թույլ չէր տվել ԱՄՆ-ից արտաքսված անօրինական ներգաղթյալներին տեղափոխող երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռների վայրէջքը Կոլումբիայի տարածքում։ Այս մասին, dw.com-ի փոխանցմամբ, կիրակի՝ հունվարի 26-ին, X սոցիալական ցանցում հայտնել են պետության ղեկավարի գրասենյակի ներկայացուցիչները։
Ըստ Կոլումբիական վարչակազմի, Պետրոն նաև հրավիրել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համայնքի (CELAC) նիստ՝ միգրացիոն ճգնաժամը լուծելու համար:
Բացի այդ, Պետրոն Կոլումբիայի արդյունաբերության և առևտրի նախարար Լուիս Կառլոս Ռեյես Էրնանդեսին տեղեկացրել է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերը 25 տոկոսով բարձրացնելու անհրաժեշտության մասին, հաղորդում է dpa-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հրամայել էր 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել Կոլումբիայից բոլոր ապրանքների վրա, Կոլումբիայի պաշտոնյաների համար արգելել մուտքը երկիր և ուժեղացնել սահմանային ստուգումները այդ երկրի բոլոր քաղաքացիների համար:
Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը ստորագրել է շուրջ 100 գործադիր հրաման։ Այսպիսով, անօրինական ներգաղթի դեմ պայքարի շրջանակում քաղաքական գործիչը արտակարգ դրություն է մտցրել ԱՄՆ հարավային սահմանին՝ հեշտացնելով անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսումը։
Նա նաև դադարեցրել է catch and release (բռնելու և բաց թողնելու) պրակտիկան, որի շրջանակում իրավապահ մարմինները բաց էին թողնում ներգաղթյալներին, մինչ նրանք սպասում էին ներգաղթի դատարանում լսումներին:
Թրամփի գործադիր հրամանները կասեցրել են փախստականների վերաբնակեցման ծրագրերը և Միացյալ Նահանգներում ծնվելու իրավունքով ներգաղթյալների երեխաներին ամերիկյան քաղաքացիության տրամադրումը։